«Ռոսսելխոզնադզոր»-ը մանրամասնել է ՀՀ-ից ՌԴ գյուղմթերքի ներմուծումը սահմանափակելու հիմքերը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության Գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, 2016 թվականի հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակում է մտցրել Հայաստանից ՌԴ մի խումբ գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում:
Որոշումը ռուսական կողմը պայմանավորել է Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով և դրա` Ռուսաստանի տարածք ներթափանցման բարձր ռիսկայնությամբ:
Մասնավորապես, որոշումը վերաբերում է այն կենդանիների մսին, որոնք դաբաղով վարակվելու հակում ունեն, ինչպես նաև կաթնային այն ապրանքատեսակներին, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր ջերմային մշակում չեն անցել: Արգելվել է նաև Հայաստանից վիրուսը ոչնչացնող մշակումներ չանցած բրդի, կաշիների, մորթիների ներմուծումը:
Հայաստանի հետ կապված վերջին անգամ նման որոշում «Ռոսսելխոզնադզոր»-ն ընդունել էր 2015 թվականի սեպտեմբերի 17-ին, որն վերաբերում էր սուջուխին և ապխտած մսամթերքին: