Պուտինը ներողություն է խնդրել
Ուշադրության կենտրոնումԻսրայելի վարչապետ Նավթալի Բեննեթի գրասենյակից տեղեկացրել են, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Բեննեթի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, որի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադոլֆ Հիտլերի «հրեական արմատների» մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար։
Համաձայն իսրայելական կողմի հայտարարության, վարչապետ Բեննեթն ընդունել է Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել նրան հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքը պարզաբանելու համար։
Նշենք, որ ավելի վաղ, Լավրովի խոսքերի համար Իսրայելի ԱԳ նախարարություն էր կանչվել այդ երկրում ռուսական դեսպան Անատոլի Վիկտորովը։
Հիշեցնենք, որ իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սերգեյ Լավրովը մասնավորապես, ասել էր.«Զելենսկին առաջ է քաշում հետևյալ փաստարկը.«Ի՞նչ նացիզմ կարող մեզ մոտ լինել, երբ ես հրեա եմ»: Ես, եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց կարծես թե Հիտլերը ևս հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Եվ մենք վաղուց լսել ենք, որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են: Ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի...»: