Առողջապահության նախարարությունն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները
Ուշադրության կենտրոնումՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Արձանագրվում է ծանր դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը ` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին առաջարկել է կայունացման միտումը պահպանելու նպատակով ևս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները։
Միաժամանակ առաջարկվել է, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն։