Երվանդ Զախարյանն անդրադարձել է Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հնարավորությանը
ՀասարակությունՀայաստանը ցանկացած անհրաժեշտ պահի պատրաստ է միանալ Իրանից Վրաստան Հայաստանի տարածքով գազ մատակարարելու շուրջ բանակցություններին: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Հայաստանը հետևում է այդ բանակցություններին: Վերջնական որոշում դեռևս կայացված չէ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ «Գազպրոմ»-ի կողմից: Բայց ցանկացած անհրաժեշտ պահի Հայաստանը պատրաստ է միանալ այդ բանակցություններին: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իրան գազատարը պատկանում է «Գազպրոմ»-ին՝ այդ գազը պետք է անցնի Հայաստանի տարածքով, և Հայաստանը չի կարող այս ամենին կողքից նայել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նախարարը հավելեց, որ տվյալ դեպքում խոսքը գնում է Իրանից 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան մատակարարելու մասին, ինչն իրատեսական է և Հայաստանը կարող է ապահովել այդ մատակարարումը: