Էրդողանն ու Դավութօղլուն իրենց ընդիմադիրներին մեղադրել են հայերի հետ «համագործակցելու» մեջ
ՄիջազգայինԹուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ակտիվորեն մասնակցում է հունիսի 7-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական քարոզարշավին, Ուրֆայում տեղի ունեցած հանրահավաքի ելույթում անդրադառնալով թուրք-քրդական բախումներին եւ ակնարկելով ընդդիմությանը, հանդես է եկել զավեշտալի հայտարարությամբ` ասելով, թե «որոշ քաղաքական ուժեր Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ»:
Այս մասին հայտնում է քրդական Rudaw թերթը:
«Հոկտեմբերի 6-8-ի դեպքերի ժամանակ նրանք մարդկանց հանեցին փողոց եւ 50 մարդ զոհվեց: Չաղլայանի դատարանում դատախազ սպանվեց: Նրանք աշխատում են թուրք ազգին սպառնացող կազմակերպության (գյուլենականների) հետ: Նրանց միակ նպատակը այս երկրին ու ազգին թշնամի հայկական լոբբիստական ուժեր ի հետ համագործակցելն է», -ասել է Էրդողանը:
Նման զավեշտալի հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին մեղադրելով հայկական սփյուռքի հետ «առեւտուր» անելու մեջ:
Նա ասել է, որ Թուրքիայում քրդական հարցի կարգավորումը սադրելու համար Դեմիրթաշն, իբր, «առեւտուր» է արել հայերի հետ:
Հետաքրքիր է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին հայկական սփյուռքին «մեր սփյուռքը» անվանած Դավութօղլուն «խիստ կասկածելի» է համարել Դեմիրթաշի հանդիպումները հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Փորձագետները Թուրքիայում քրդական խնդրի լուծման ձգձգումը կապում են հենց թուրքական իշխանությունների հետ, որոնք ընտրություններից առաջ փորձում են նվազեցնել ընտրական շեմը հաղթահարելու մեծ հնարավորություն ունեցող ԴՀԿ-ի վարկանիշը` տարբեր միջոցներով սադրանքներ կազմակերպելով կուսակցության եւ նրա առաջնորդների դեմ: