Հայաստանում խիստ ծայրահեղացված է դպրոցական դրամահավաքի խնդիրը. Արմեն Աշոտյան
ՄշակույթՀայաստանում դպրոցական դրամահավաքն արտոնված է, եթե կա ծնողական կոմիտեի համապատասխան որոշում:
Այս մասին մայիսի 25-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի կարծիքովˋ մեր կենցաղում մասնակցային ժողովրդավարության մշակույթի բացակայության պատճառով հայ հասարակության շրջանում դրամահավաքի խնդիրը խիստ ծայրահեղացված է: «Դպրոցական դրամահավաքն ընդունված երևույթ է արևմտյան կրթական տարածքում: Դրսից գումար հավաքելն, այդ թվումˋ ծնողական կոմիտեներից, նախկին շրջանավարտներից, ընդունված ձևաչափ է, քանի որ ոչ մի երկրում կրթության ծախսերը չեն ապահովվում բացառապես պետական բյուջերի միջոցներով»,- ասաց նախարարը:
Ըստ նրաˋ տարածաշրջանում և Եվրոպայում կրթության ոլորտում արվող ծախսերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի կրթության բնագավառը պետության կողմից շատ ավելի մեծ ֆինանսավորում է ստանում, քան այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներից: «Դպրոցական դրամահավաքն արտոնված է, եթե կա ծնողական կոմիտեի համապատասխան որոշում: Եթե կան ծնողներ, որոնք իրար հետ լեզու չեն գտնում դասարանում, ապա դրա պատասխանատուն և հարցը կարգավորողը նախարարությունը չէ: Մեր կողմից ծայրահեղություն էր դրամահավաքի արգելումը, քանի որ այսօր բազմաթիվ դպրոցներ կան, որոնք ցանկանում են կազմակերպել թանգարանային, թատերական ներկայացումների այցելություններ, սակայն վախենում են»,- նշեց նախարարը: