«Միկային» կմիանան կոտդիվուարցի ֆուտբոլիստներ. ակումբը սկսել է մարզումները
ՍպորտԵրեկ՝ հունվարի 15-ին, «Միկան» սկսել է իր նախապատրաստությունը։ Մարզումներն անցկացնում է իր բազայում՝ «Միկայում», արհեստական խոտածածկի վրա։ Քանի որ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը բացակայում է, մարզումներն առայժմ անցկացնում են Բաբկեն Մելիքյանն ու Հակոբ Մկրյանը։ Բանակցություններ են ընթանում նոր մարզիչ ունենալու կապակցությամբ, որը, հնարավոր է՝ լինի արտասահմանից։
Լեգեոներներից մարզումներին է մասնակցում միայն Նարեկ Բալայանը, որն արձակուրդն անց է կացրել Հայաստանում։ Մյուս լեգեոներները թիմին կմիանան մեկ շաբաթ անց։ Նոր ֆուտբոլիստներ դեռ չկան, սակայն մի քանի տեղացի ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում։ Թիմի մարզումներին Կոտ դ'Իվուարից շուտով կմիանա 2 սևամորթ ֆուտբոլիստ։ Աշխատանքներ են տարվում ևս 3 արտասահմանցի ֆուտբոլիստ հրավիրելու կապակցությամբ, ում փաստաթղթերի հետ կապված հարցերն ընթացքի մեջ են։
Հունվարի վերջին նախատեսված է արտասահմանյան մարզահավաք. թիմը 10 օրով կուղևորվի Վրաստան, այնուհետև կվերադառնա Հայաստան։ Ակումբը նախատեսել էր մեկ հավաք ևս, այս անգամ՝ Կիպրոսում, սակայն որոշակի խնդիրներ կան։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: