Ներկայացման պրեմիերա՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
ՄշակույթԵրևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի «Մերսեդես» ներկայացման առաջնախաղին։ Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գլխավոր դերում եվրոպական և մի շարք այլ երկրներում հանրահայտ հայազգի դերասանուհի Նորա Արմանին է։
Ներկայացումը Եղեռնից փրկված, ապա 1948 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքից Սովետական Հայաստան հայրենադարձված ընտանիքի մասին է, որի՝ Հայաստանում հաստատվելու և նոր կյանք սկսելու վճռականությունը բախվում է նորանոր փորձություններ հաղթահարելու իրականությանը, սակայն ընտանիքը, այնուամենայնիվ, չի լքում Հայաստանը։
Ստեղծագործության հիմքում իրական դեպքեր ու հերոսներ են։