Ադրբեջանում ավելացել է քրեական հանցագործությունների թիվը
ՄիջազգայինԱդրբեջանում բարդ տնտեսական իրավիճակի պատճառով գործազրկություն է, մարդկանց նյութական բարեկացությունը զգալորեն նվազել է, ինչի պատճառով քրեական հանցագործությունների թիվը մեծացել է: Առաջիկայում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացմանը զուգահեռ կմեծանա հանցավորության աստիճանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Sputnik - Ազերբայջան»-ը, հայտարարել է Ադրբեջանի նախկին ոստիկանապետ, Գիտատեխնիկական իրավական կենտրոնի փորձագետ, գնդապետ Մահմուդ Հաջիեւը:
Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանում մանաթի փոխարժեքի մոտ երկու անգամ էժանանալու հետ կապված սոցիալ-տնտեսական վիճակի վատացման հետ առաջիկա ամիս կվատանա նաեւ կրիմինալ իրավիճակը:
«Երկրում իրավիճակը շատ բարդ է, բայց մենք դա իրապես չենք ընկալում: Առայժմ մարդիկ ապրում են հին պաշարների հաշվին, բայց փետրվարի վերջին կվերջանան նաեւ դրանք: Այդ պատճառով պետք է միջոցներ ձեռնարկվեն հենց այժմ», -ասել է նա:
Նրա խոսքով` ճգնաժամի ժամանակաշրջանում ամենից շատ աճում է հանցավորությունը երիտասարդության եւ անչափահասների, այդ թվում` նորապսակների մեջ, իսկ ավագ սերնդի մարդիկ ճգնաժամը հանգիստ են անցկացնում:
2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի, որի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ պաշտոնապես 47,6 եւ 47,9 տոկոսով աճել է` կազմելով համապատասխանաբար 1,55 եւ 1,685 մանաթ: Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է արդեն 3-4 մանաթով:
Ադրբեջանական աննախադեպ մանաթի արժեզրկման արդյունքում այդ երկրում ծայրահեղ վատացել է սոցիալ-տնտեսական դրությունը, ինչը երկրի շրջաններում զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել: