Ճապոնիայում առնվազն 14 մարդ է զոհվել տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄիջազգայինՃապոնիայում առնվազն 14 մարդ է զոհվել տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով, 27 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Ավտոբուսի 41 ուղեւորներից 14-ը զոհվել են, 27-ը վերքեր են ստացել: Մենք սգում ենք զոհվածների համար եւ աղոթում, որ տուժածներն արագ ապաքինվեն»,- ասել է Սուգան:
Նա նշել է, որ տրանսպորտի նախարարությունը շտաբ է հիմնել պատահարի կապակցությամբ եւ վթարի վայր է ուղարկել իր աշխատակիցներին:
Վթարի պահին ավտոբուսում եղել է 41 մարդ: Դրանով զբոսաշրջիկներն ուղեւորվում էին Նագանո առողջարան: Վթարը տեղի է ունեցել Նագանո եւ Գումմա պրեֆեկտուրաների սահմանին: Ավտոբուսը դուրս է եկել հանդիպական գոտի, տապալել ճանապարհի արգելապատնեշն ու շրջվել:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ճանապարհը սառցակալված չէր, եղանակային պայմանները նորմալ են եղել: Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: