Դժվարացել է կապը Գորիս քաղաքի ու այլ բնակավայրերի միջև, առաջացել են հացի մատակարարման խնդիրներ, դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթության հարցը․ ՄԻՊ-ը՝ Սյունիքում ադրբեջանական անցակետերի մասին
Ուշադրության կենտրոնումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է այսօր Սյունիքում ՄԻՊ-ի իրականացրած հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները։
ՄԻՊ հրապարակումը ներկայացնում ենք ստորև․
Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ՀՀ հարակից համայնքների բնակիչների իրավունքների վիճակը:
Ձեռք բերված փաստերը հաստատում են, որ Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների կոպիտ ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ։ Մարդկանց համար առաջ է եկել խիստ անորոշ վիճակ:
Նախ, լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով:
Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:
Օրինակ՝ այսօր Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:
Խնդրի լուծումն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի (Տեղ համայնքի Խոտ բնակավայրով անցնող) դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում, օրինակ, հատկապես եղանակային պայմանների պատճառով անանցանելի լինելու պատճառով: Ավելին, խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհի անցանելիությունը կարող է էլ ավելի սահմանափակվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի առաջնահերթ ուշադրության ներքո է եղել երեխաների իրավունքների հարցը. դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը: Ճանապարհի փակ լինելու լուրը մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին բերել է անակնկալի ու առաջ է եկել բացարձակ անորոշ վիճակ: Նույնիսկ որոշ ուսուցիչներ ճանապարհի փակ լինելու մասին տեղեկացել են այսօր առավոտյան:
Օրինակ՝ Բարձրավանի դպրոցի 9 ուսուցիչներից 4-ը դպրոց են գալիս Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Գորիս քաղաքում բնակվող ուսուցիչները դասընթացը կազմակերպել են հեռավար եղանակով, քանի որ չեն կարողացել հասնել դպրոց: Հատուկ ենք նշում, որ այս բնակավայրն առավել խնդրահարույց է մեկուսացման առումով:
Որոտանի դպրոցի 44 աշակերտներից 3-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաներ են, ինչպես նաև նախակրթարանի խմբի 3 երեխա, ում համար պետք է հատուկ ուշադրություն ու խնամք: Դպրոցի 19 ուսուցիչներից 15-ը գալիս են Գորիս քաղաքից։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական վերահսկողության պատճառով դասերը սկսվել են ուշացումներով ու հստակություն էլ չկա՝ առաջիկայում ինչ է լինելու: Անգամ դպրոցի ունեցած Գազել մակնիշի մեքենայով հնարավոր չի եղել հասնել դպրոց:
Շուռնուխի դպրոցի 16 ուսուցիչներից 2-ը գալիս են Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից: Այսօր Գորիսից եկող ուսուցիչները չեն կարողացել հասնել դպրոց։
Ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով, ինչպես նաև Խոտ բնակավայրով անցնող այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի լինելով պայմանավորված՝ սահմանափակվում է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիների այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Սա նշանակում է, որ պետք է լիարժեք երաշխավորել օպերատիվ և արդյունավետ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ դեղորայքի ու անհետաձգելի բուժօգնության տրամադրումը մարդկանց, այդ թվում՝ տարեցների ու երեխաների:
Այս բացառիկ հումանիտար հարցը Գորիս–Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով դարձել է խիստ խնդրահարույց: Արձանագրվել է հաշմանդամության կենսաթոշակի հետ կապված Գորիս քաղաք մեկնելու անհրաժեշտության հրատապ դեպք, որ հնարավոր չի եղել ապահովել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական արարքների պատճառով առաջացած՝ քաղաքացիների համար առօրյա կյանքի կազմակերպման, կենսական կարիքների լուծման խնդիրներ: Օրինակ՝ այսօր Շուռնուխում եղանակային պայմանների պատճառով հրատապ անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել բնակելի տներից մեկի տանիքը, սակայն անհրաժեշտ շինարարական նյութերը ձեռք բերելը եղել է անհնարին:
Վերը նշված փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական երեկ ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքները:
Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը:
Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:
Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):
Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը էլ ավելի է խորացնելու մարդու իրավունքների խախտումներն ու Հայաստանի քաղաքացիական բնակչությանը կանգնեցնելու է էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ:
Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց նշված արարքներն ապօրինի են (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:
Ավելին, պետք է հիշել, որ այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը։
Ավելին՝ այստեղ