Ստամբուլում պայթյունը ծնկի է բերել Թուրքիայի զբոսաշրջային հատվածին
ՄիջազգայինՍտամբուլի կենտրոնական Սուլթանահմեթ հրապարակում հունվարի 12-ի առավոտյան մահապարտի կողմից իրագործված ահաբեկչական պայթյունը, որի հետեւանքով 10 մարդ զոհվել, 15-ն էլ վիրավորվել են, ծնկի է բերել Թուրքիայի զբոսաշրջային հատվածին. տարածաշրջան տուրիստական փափեթները չեղյալ են հայտարարվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտնել է Սուլթանահմեթի տուրիստական գործակալությունների միության ղեկավար Յաշար Յավուզը:
Նրա խոսքով' այդ իրադարձությունը վերջ է դրել 2016 թվականի իրենց զբոսաշրջային տարուն:
«Այս վայրում մոտ 7 հազար հյուրանոց կա: Բայց այս իրադարձության պատճառով 2016 թվականը մեղ համար արդեն փակ է», -ասել է նա:
Երեկ Սուլթանահմեթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների մեծ մասը օտարերկրացիներ են եղել: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը: Նա հայտնել է, որ 10 զոհվածներից 8-ը գերմանացի զբոսաշրջիկներ են, 15 վիրավորվածներից 9-ը Գերմանիայի, մեկը' Նորվեգիայի, մեկը' Պերույի, մնացածը' Թուրքիայի քաղաքացիներ են: Վիրավորներից երկուսի վիճակը խիստ ծանր է:
Քուրթուլմուշն ասել է, որ պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի մահապարտ Նաբիլ Ֆադլինին: