Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 10 մարդ զոհվել, 15 մարդ էլ վիրավորվել է
ՄիջազգայինԱյսօր առավոտյան Ստամբուլի կենտրոնական` Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 10 մարդ զոհվել, 15 մարդ էլ վիրավորվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ստամբուլի նահանգապետարանի տարածած հաղորդագրությանը:
Ստամբուլի անվտանգության տնօրինությունը ԶԼՄ-ներին արգելել է հրապարակումներ կատարել պայթյունի վերաբերյալ` մինչեւ այդ մասին Թուրքիայի կառավարության կողմից պաշտոնական հաղորդագրության հայտնվելը:
Նահանգապետարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայում ուսումնասիրվում են պայթյունի պատճառը, տեսակը, միջադեպը մեկ մարդու կամ մի քանի մարդու կողմից իրագործված լինելու հանգամանքները:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նախնական վարկածով` հնարավոր է պայթյունն իրագործվել է մահապարտ ահաբեկչի կողմից:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ ժամը 10:20-ին հրապարակի Դիքիլիթաշ կոչված մասում` տրամվայի կանգառի մոտ, որտեղ այդ պահին գտնվել է գերմանացի զբոսաշրջիկների խումբը: