Ալեն Սիմոնյանը չպատասխանեց հարցին՝ որքա՞ն գումար է ծախսել Հունաստանում և արդյո՞ք գումարը վճարել է բուքմեյքերական ընկերություններից մեկի ղեկավարը (տեսանյութ)
TVԱրեգնազ Մանուկյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով. «Որպես ԱԺ նիստեր վարող, դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները: Հուսով եմ, որ հետայսու այդպես չի լինի: Ինչում եմ հուսով, քանի որ ենթադրվում է այն օրերին, ինչ-ինչ պատճառներով, լարված եք եղել, իսկ հիմա դատելով համացանցում առկա ձեր ու ձեր ընկերների միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցային կադրերից, լարվածությունը պետք է անցած լինի: Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա»:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը Ալեն Սիմոնյանն Արցախ մեկնելու փոխարեն գերթանկարժեք հանգիստ է անցկացրել, որն, ըստ լուրերի, ֆինանսավորել է բուքմեյքերական ընկերություններից մեկը: Ճի՞շտ է արդյոք դա և որքա՞ն գումար է ծախսել նա Հունաստանում՝ հարցրեց պատգամավորը:
Ալեն Սիմոնյանը չպատասխանեց այս հարցին՝ նշելով, որ անձնական կյանքին վերաբերող սուտ լուրերը չի մեկնաբանում: