«Ոսկե գնդակ-2015». Մեսսին 5-րդ անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստն է
ՍպորտՑյուրիխում հունվարի 11-ին կայացած «Ոսկե գնդակ - 2015» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել Լիոնել Մեսսին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կոչմանը Մեսին արդեն 5-րդ անգամ է արժանանում՝ 2009, 2010, 2011, 2012, 2015: Նախորդ տարվա ընթացքում «Բարսելոնա»-ի առաջատարն օգնել է իր թիմին 5 տիտղոս նվաճել (Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն): Ամռանը ֆուտբոլիստն արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչմանը:
Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ճանաչվել է 2015 թվականի լավագույն մարզիչ: 2015 թվականի ընթացքում Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» 5 տիտղոս է նվաճել՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:
Լավագույն գոլի հեղինակը «Գոյանեզիա»-ի ֆուտբոլիստ Ուենդել Լիրան է: Լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել ամերիկուհի Կարլի Լլոյդը: