Սա լինելու է համագործակցություն, որն էապես տարբերվելու է մյուսներից․ երաժիշտ Էմանուել Հակոբյանը՝ աշխարհում գոյություն չունեցող, իր ստեղծած երաժշտական ոճի մասին
ՀասարակությունԵրգիչ, երաժիշտ Էմանուել Հակոբյանը՝ Eman մականվամբ, ամիսներ առաջ ստեղծել է երաժշտական իր ոճը, որն իր տեսակով եզակի է։
«Ստեղծել եմ երաժշտական մի ոճ, որն ամբողջ աշխարհում չկա։ Ցանկանում էի անել յուրահատուկ բան, որը կլիներ հենց իմը, իմ ձեռագիրը։ Եվ այդպես, երկար փնտրտուքներից և փորձարկումներից հետո երկու ոճ միախառնեցի իրար և ստեղծեցի իմ սեփականը։ Ցավոք, այս պահին դեռ չեմ կարողացել հասկանալ, թե մեր հայտնիներից կոնկրետ ում է այն առավել համապատասխան, և ով այն պատշաճ ձևով կներկայացնի, բայց կարող եմ վստահ ասել, որ դա լինելու է համագործակցություն, որն էապես տարբերվելու է մյուսներից»,- մեզ հետ զրույցում պատմեց Էմանուել Հակոբյանը։
Ինչպես խոստովանեց երաժիշտը երաժշտական այս ոճով, ինքը մտադրություն ունի աշխատել ոչ միայն հայ, այլ նաև արտերկրի արտիստների հետ․
«Այս պահին ես նպատակ ունեմ համագործակցելու ոչ միայն մեր, այլ նաև արտերկրի արտիստների հետ, ովքեր, ինչպես բոլորս գիտենք, նրանք բոլորովին այլ ոճերում են աշխատում։ Իհարկե, շատ հաճելի է, երբ դու քո հայրենիքում կայացած ես, բայց առավել հաճելի է, երբ այդ հաջողությունը տարածվում է նաև դրա սահմաններից դուրս»,- խոստովանեց Էմանուելը։
Նրա խոսքով՝ իր գործունեության սկզբում բավական մեծ դժվարությունների է հանդիպել․ պատճառը՝ այն ոճն էր, որով որպես երաժշտական գործիքավորող սկսել է հանդես գալ․
«Այդ ոճը դեռ այն տարիներին շատ խորթ էր հայ ունկնդրի համար, խոսքը արտասահմանյան, հաուս երաժշտության մասին է։ Ուրախ եմ, որ այս առումով երբեք չեմ դավաճանել իմ սկզբունքներին և ձեռք եմ բերել իմ ուրույն ձեռագիրը։ Գիտեք, ժամանակի ընթացքում շատ հեշտ է տրվել գայթակղություններին և ստեղծել աշխատանքներ, որոնք ավելի հեշտ են տրվում և գուցե ավելի հոգեհարազատ են հայ հասարակության զգալի հատվածի համար (խոսքը ռաբիս երաժշտության, 6/8 չափի մասին է)։ Բայց ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել ինձ դավաճանել իմ սկզբունքներին, քանի որ այն երաժշտությունը, որը ես եմ ստեղծում, անում եմ հնարավորինս որակյալ և, իմ կարծիքով՝ տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց ականջին հաճելի»,- մեզ հետ զրույցում շեշտեց Eman-ը։