Վահագն Ալեքսանյանին իր կազմվածքը թույլ չտվեց, որ ոտքն այ ստեղից ավել բարձրացնի. Վահե Հակոբյան
ՔաղաքականությունԻրենք եկել էին ծրագրավորած, մի քանի թիրախ ունեին, որից մեկը ես էի, դրա մասին է վկայում այն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունը մնաց իր թիկնազորով շրջապատված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Իր թիրախում լինելը Վահե Հակոբյանը բացատրեց այն հանգամանքով, որ ինքը Սյունիքից է։
«Իրենք մոծակների ուժ ունեն։ Վահագն Ալեքսանյանին իր կազմվածքը թույլ չտվեց, որ ոտքն այ ստեղից ավել բարձրացնի։ Հեշտ է, երբ պատսպարվում ես պետական ապարատի հետեւում՝ շրջապատված անվտանգության աշխատակիցներով, ու էդպես տղա են իրենց ներկայացնում ֆեյսբուքով… Ես իրենցից շատերին եմ ճանաչում։ Կյանքի նորմալ պայմաններում իրենց ծպտունները դուրս չէր գալիս ոչ մի տեղից։ Իսկ հիմա...»,– ասաց Վահե Հակոբյանը։
ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ Վահե Հակոբյանը թեթեւ վնասվածք է ստացել աչքի հատվածում։ Տեղի ունեցածն ըստ Հակոբյանի՝ պետք է իրավական եւ բարոյական հետեւանքներ ունենա։
«Մենք այսօր ամենայն հավանականությամբ խմբակցության կամ էլ դաշինքի նիստ կունենանք ու մեր տակտիկան կորոշենք, որովհետեւ սա անթույլատրելի է։ Սա հետեւանքն է այնի բանի, որ փողոցը բերում են ԱԺ»,– ասաց նա։
Ըստ Վահե Հակոբյանի՝ իշխանության երազանքն է իրեն կալանավորել, բայց դրա համար հիմքեր չկան, հակառակ դեպքում այդ քայլին կգնային։