Հայաստանի ՔԿՀ-ներում նշել են ամանորյա տոները
Հասարակություն«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ուժերով դեկտեմբերի 28-ին կազմակերպվել է ամանորյա տոնական միջոցառում, որն անցել է ուրախ մթնոլորտում, տոնի խորհրդին համահունչ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հունվարի 5-ին` Ճրագալույսի պատարագից հետո, հիմնարկի աշխատակիցները Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցուց լույս են բերել, ինչին հաջորդել է դատապարտյալների աղոթքն առ Աստված: Տեղի է ունեցել նաև մոմավառություն: Իսկ հունվարի 7-ին ՀՀ ԱՆ քրեկատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ կատարվել է ջրօրհնեքի և հոգեհանգստի արարողություն, ապա օրհնված ջուրը բաժանվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին:
Հունվարի 8-ին միաժամանակ երեք քրեակատարողական հիմնարկներում` ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի Սրբոց Նահատակաց, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի Սուրբ Հարություն եկեղեցիներում և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռում, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի են ունեցել Սուրբ Ծննդի և ջրօրհնեքի արարողություններ: Ծիսակատարությունից հետո ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մկրտվել են երկու դատապարտյալներ:
Քրեակատարողական հիմնարկներում Սուրբ Ծննդի, ջրօրհնեքի և տնօրհնեքի արարողությունները շարունակվում են: