Պատվաստումից հրաժարվող անձինք ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ պետք է հանձնեն․ ԱՆ նախարար
Ուշադրության կենտրոնում«Այն անձինք, ովքեր կհրաժարվեն պատվաստվելուց ամսական երկու անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք պետք է ներկայացնեն»։ Այս մասին կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ են արդյո՞ք լուրերը, որ դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, այլ հիմնարկների աշխատակիցներին ստիպում են պատվաստվել՝ սպառնալով ազատել աշխատանքից։
«Չեմ կարող ասել՝ ինչ լուրեր են և ինչ կոնկրետ դեպքերի են դրանք վերաբերում, բայց մենք, իսկապես, պատրաստվում ենք և արդեն իսկ մեր իրավական ակտերում որոշակի փոփոխություններ ենք մտցնում, որպեսզի այն անձինք, ովքեր չեն պատվաստվում, ամսական երկու անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն, որովհետև այսօր արդեն Քովիդի դրական դեպքերի կայուն աճ ենք արձանագրում», — ասաց նա։
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօրվա թվերը ևս մտահոգիչ են և աշնանը սպասվում է դրական թվերի աճ։