Սիրիայի իշխանությունները պատրաստ են մասնակցել ժնևյան բանակցություններին
ՄիջազգայինՍիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրին հայտարարել է, որ սիրիական կառավարությունը պատրաստ է մասնակցել հունվարի 25-ին Ժնևում նախատեսված բանակցություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը' վկայակոչելով Սիրիայի պետական հեռուսատեսությունը:
Գործակալության տեղեկություններով, Մուալլեմն ընդգծել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների ցուցակը կազմելու անհրաժեշտությունը, ովքեր կմասնակցեն բանակցություններին: Բացի այդ, Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ կառավարությանն անհրաժեշտ է ստանալ ահաբեկչական կազմակերպությունների ցանկը:
Սպասվում է, որ երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման հետ կապված միջսիրիական բանակցությունները կսկսվեն հունվարի 25-ին' Ժնևում: Մինչ այդ, ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրը պետք է ավարտի իր խորհրդակցությունները բանակցությունների բոլոր կողմերի հետ: