Արարատին չի շնորհավորել, Ալենին շնորհավորել է․ «Հրապարակ»
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։
Համացանցի, և, մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի որոնումները ցույց տվեցին, որ նա ԱԺ նախագահ դառնալու կապակցությամբ չի շնորհավորել Արարատ Միրզոյանին։
Նիկոլ Փաշինյանը վերջինիս պաշտոնապես շնորհավորել էր միայն մեկ անգամ՝ 2020 թ․ նոյեմբերի 23-ին՝ նրա ծննդյան օրը, երբ գտնվում էր հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ դրանից 13 օր առաջ՝ տեղի էին ունեցել հայտնի դեպքերը, երբ նոյեմբերի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո մի խումբ անձինք Արարատ Միրզոյանին կառավարական առանձնատների մոտ մեքենայից հանել և դաժան ծեծի էին ենթարկել։