Որոշումը կայացված է. Կարեն Անդրեասյանը կնշանակվի արդարադատության նախարար
Ուշադրության կենտրոնումArmlur.am-ը տեղեկացավ, որ իշխանությունը երկար փնտրտուքից հետո այսօր որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարցում: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա օրերին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը կնշանակվի նախարար` Ռուստամ Բադասյանին «կուղարկեն» Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարելու:
Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, թե իշխանությունները նախարար են փնտրում, եթե չգտնեին, կնշանակեին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանին: Բայց որոշել են վերջինիս ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, այնտեղ իրավիճակն իր ձեռքն առնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Անդրեասյանին նախարար նշանակելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, վերջինս կարծում է, որ Անդրեասյանը կկարողանա այդ գերատեսչությունը լավ ղեկավարել: Որոշումը կայացված է, նշանակումը կլինի առաջիկա օրերին: