Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային ոլորտում ստորագրվելու է նոր արձանագրություն
ՄիջազգայինՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը:
«Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում այդ մասին նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցի՝ Զախարյանն ասաց, որ արձանագրության ստորագումը տեղի կունենա Մոսկվայում, իսկ հայկական կողմից այն կստորագրի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: