Անջելինա Ջոլին անկեղծ հարցազրույցում պատմել է «կոտրված» լինելու և «ինքն իրեն պահելու համար պայքարի» մասին (լուսանկարներ)
ՄշակույթՀոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին իր մասնակցությամբ նոր ֆիլմի մասին հարցազրույցի ընթացքում խոսել է նախկինում «կոտրված» լինելու և «ինքն իրեն պահելու համար պայքարելու» մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Netflix հոսքային ծառայության նոր՝ «Նրանք, ովքեր ցանկանում են, որ ես մահանամ» ֆիլմում նկարահանված Ջոլին ասել է, որ մարմնավորած կերպարը նմանեցնում է իրեն՝ կորուստի զգացողության և վճռականության տեսանկյունից։
«Ես իմ կյանքում ինձ մի փոքր կոտրված եմ զգացել։ Ինչ էլ որ լինի, ամեն ինչ ձեզանից է կախված, անցեք դրա միջով։ Երբ դուք որպես մարդ զգում եք այդ ցավը, դուք կարող եք արվեստի այնպիսի գործ ստեղծել, որում կերպարի միջոցով կարող եք բացահայտել ձեր փորձը», - ասել է դերասանուհին՝ առանց նշելու, թե ինչի մասին է խոսքը և հավելել, որ դժվարության միջով անցնելը չափազանց բարդ է, սակայն ամեն ինչի ավարտին զգում է, որ ինչ-որ բան է արել։
Ենթադրվում է, որ սա վերաբերում է դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությանը։ Զույգը բաժանվել է 2016 թվականին, սակայն պաշտոնապես ամուսնալուծվել է 2019-ին։ Ջոլին նշել է, որ պատճառը ընտանեկան բռնությունն է: Նա ցանկացել է ստանալ երեխաների ամբողջական խնամակալությունը։ Մինչդեռ Բրեդ Փիթը կողմ է եղել 50/50 ձևաչափով խնամակալությանը, և այս վեճը տևել է 5 տարի։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, այս ամիս էկրան է բարձրանալու Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Նրան, ովքեր ցանկանում են, որ ես մահանամ» ֆիլմը։ Ջոլին Թեյլոր Շերիդանի ռեժիսորական ֆիլմում խաղում է Հաննայի կերպարը, որը հանդիպում է 12-ամյա մի տղայի, որը մարդասպանության ականատես է եղել, և մարդասպանները հետևում են նրան։
Ֆիլմը նկարահանվել է Մայքլ Քորիթասի համանուն նովելի հիման վրա, որը լույս է տեսել 2014 թվականին։ Հաննան անտառային բարդ վայրերում հրդեհներ մարող հատուկ պատրաստվածություն անցած հրշեջ է, որը ողբերգության միջով է անցել և ինքն իրեն պատասխանատու է համարում դրա համար։
Ֆիլմը էկրան է բարձրանալու մայիսի 14-ին։