Որքանո՞վ է արդարացված վարչապետական լավատեսությունը. պարզաբանում են ՀՀԿ պատգամավորները
HeaderԵրեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդեց, որ չնայած որոշ մարդկանց հոռետեսական կանխատեսումներին՝ Հայաստանը տարին փակելու է տնտեսական աճով: Սա ի հեճուկս այն ամենի, որ միջազգային կառույցները կանխատեսում են ՀՀ տնտեսության հետընթաց:
Թե ինչո՞վ է պայմանավորված վարչապետի նման լավատեսությունը, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից.
Տաճատ Վարդապետյանը, վարչապետի խոսքը չհամարելով լավատեսություն, նշեց. «Վարչապետի ասածը լավատեսություն չէ, այն իրատեսություն է, եւ ես վստահում եմ նրա իրատեսությանը»:
Դե իսկ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ասաց.
«Վարչապետն ավելի լավ է տիրապետում կառավարության գործունեությանը եւ աշխատանքին, եւ դա է պատճառը, որ նա նման հայտարարություն է արել: Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցների կանխատեսումներին, ապա ասեմ, որ դրանք հիմնված են որոշակի փաստերի վրա, բայց դրանք կարող են շատ ճշգրիտ չլինել»:
Նա նաեւ հավելեց. «Մայիսի 25-ից արդեն պետք է բյուջեի կատարողականը քննարկենք, իսկ տարվա ավարտին պարզ կլինի, թե ինչպես կավարտվի տարին. կգրանցվի՞ արդյոք տնտեսական աճ, թե՞ ոչ եւ եթե այո, ապա որքա՞ն կլինի այն»:
Սոսե Չանդոյան