Էդգար Մանուչարյանը մեծագույն սխալ է համարում «Այաքս»-ից «Փյունիկ» վերադառնալը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը խոսել է անցած ուղու և ազգային թիմի նախկին մարզիչ Բեռնար Շալանդի մասին:
«Այաքս»-ից Հայաստան վերադարձա, բայց առաջարկներ ունեի հոլանդական այլ ակումբներից: Բայց դա իմ կարիերայի ամենասխալ քայլն է: Կարոտել էի ծնողներիս ու հայրենիքս, ամեն դեպքում դա չէր իմ վերադառնալու իրական պատճառը: Խաղային պրակտիկա էր պետք, որը ես ստացա «Փյունիկ»-ում, որից հետո արդեն տեղափոխվեցի «Ուրալ»,-Մանուչարյանի խոսքը մեջ է բերում eurofootball կայքը:
Մանուչարյանի խոսքով` Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի պարտությունների հիմնական պատճառը ոչ միայն գլխավոր մարզիչն էր, այլ նաև ֆուտբոլիստները: «Շալանդը լավ մասնագետ էր: Մենք աշխատում էինք առանց գնդակի, դա հենց ձախողված վերջնամասերի պատճառն էր: Նրա միակ մեղքը սխալ փոփոխություններն էին: Մենք հավասար կազմերով կավարտեինք հանդիպումը եւ կվաստակեինք միավոր»,-ասել է նա:
Հայ հարձակվողը փաստել է, որ այլևս չի խաղա Հայաստանի առաջնությունում: «Խնդիրը նրանում չէ, որ չեմ հարգում իմ երկրի ազգային առաջնությունը, պարզապես այնտեղ ես ամեն ինչ շահել եմ: Վերադառնալն իմաստ չունի, նոր մարտահրավերներ եմ փնտրում»,-եզրափակել է Մանուչարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը առաջիկա հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ Երևանում հյուրընկալելով Պորտուգալիայի ազգային թիմին: