Փոքր Վեդիում տեղի ունեցավ զոհված ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի հոգեհանգիստը
ՀասարակությունԱրարատի Փոքր Վեդի գյուղում, այսօր` դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 23-ամյա Գոռ Օհանյանի հոգեհանգիստը: NEWS.am-ի հետ զրույցում Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը նշեց, որ հոգեհանգստին ներկա են եղել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գոռ Օհանյանի ծառայակից ընկերները:
Գոռ Օհանյանն ավարտել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, արդեն 4 տարի է` ծառայում էր: Գոռը ընտանիքի ավագ որդին էր, ուներ իրենց փոքր քույր եւ եղբայր: Նրա մայրը մանկավարժ է, իսկ հայրը հողագործությամբ է զբաղվում:
Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները:
Ըստ նախնական տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանն իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով ստացել է վիրավորում: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է: