Պետությունն ուշադրության կենտրոնում կպահի ԱԱԾ-ի առջև ծառացած խնդիրների լուծումը. Արցախի նախագահ
ՄիջազգայինՆախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բակո Սահակյանը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ և պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Նախագահն իր խոսքում կարևորել է ազգային անվտանգության ծառայության աշխատանքը՝ ուղղված անձի, հասարակության և պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը և պահպանմանը՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջև ծառացած խնդիրների լուծումը: