«Դինամոն»` ըմբշամարտի ակումբային աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող «Դինամո» ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Մրցումային առաջին օրը հայ ըմբիշներն իրենց ուժերն են չափել Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որոնց նկատմամբ առավելության են հասել 8:0, 8:0 հաշվով: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշները 7:1 հաշվով հաղթել են հունգարացիներին:
Եզրափակիչ փուլում «Դինամո»-ի մրցակիցը իրանական «Բիմեյե Ռազի»-ն էր: Հայ ըմբիշները տեղացիներին զիջեցին 7:1 հաշվով՝ բավարարվելով առաջնության արծաթե մեդալներով: Երրորդ տեղը զբաղեցրեց իրանական «Փադիդե Դո-Քուհե»-ն:
Ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցում էին Հայաստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մարոկկոն, Թուրքմենստանը, Բուլղարիան ու Հունգարիան ներկայացնող մեկական և Իրանը ներկայացնող 4 ակումբ:
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները Թեհրան էին մեկնել հետևյալ կազմով' Նարեկ Խաչատրյան (59 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Վաչիկ Եղիազարյան (130 կգ):
Ըմբշամարտի ակումբային աշխարհի առաջնությունը կայացել է դեկտեմբերի 17-18-ը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: