Օրհան Փամուքը դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին
ՄիջազգայինԳրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին՝ նշելով, որ այդ անդամակցությունը ճիշտ չի համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Անհնար է ցանկանալ, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, քանի դեռ երկրում հարգանք չկա փոքրամասնությունների նկատմամբ, իսկ լրագրողները բանտերում են: Թուրքիայում շատերը ձերբակալվում են միայն սեփական հայացքների պատճառով: Չձերբակալելու դեպքում էլ վարչակարգը խոշոր լրատվականների ղեկավարներին մեծ տուրքեր է նշանակում կամ իր կողմից ոչ ցանկալի անձանց դեմ մերձավոր ԶԼՄ-ների միջոցով մեղադրանքներ է հնչեցնում»,- ասել է Փամուքը:
Օրհան Փամուքը հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը ևս հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը 1915 թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը: