Եգիպտական դատարանը հետաձգել է նիստը՝ մեղադրյալների համար դահլիճում տեղը չբավականացնելու պատճառով
ՄիջազգայինԵգիպտոսում դատարանը հետաձգել է զինված խռովության ու սպանությունների մեջ մեղադրվող 739 մարդու գործով դատական նիստը, քանի որ բոլոր մեղադրյալները չէին կարող տեղավորվել նիստերի դահլիճի հատուկ ճաղավանդակում:
Կահիրեի անվտանգության դիրեկտորատը նամակ է ուղարկել դատավոր Հասան Ֆարիդին, որտեղ հայտնել է, որ ոստիկանությունը չի կարողանա մեղադրյալներին բանտից դատարանի դահլիճ բերել, քանի որ ճաղավանդակի մեծացման աշխատանքները դադարեցվել էին: Նիստը հետաձգվել է մինչեւ փետրվարի 6-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝վկայակոչելով Reuters-ը:
739 մեղադրյալներին կալանավորել էին դեռ 2013 թ. օգոստոսին՝ այն բանից հետո, երբ բանակն ու ոստիկանությունը ուժային մեթոդներով ցրել էր իսլամիստների ցույցը, որոնք պահանջում էին Մուհամեդ Մուրսիին վերադարձը նախագահի պաշտոնին: Բացի ամենայնից, նրանց մեղադրում են զինված խռովության ու ոստիկանության աշխատակիցների սպանության համար: