Երկու Կորեաներն ավարտել են հարաբերությունների կարգավորման բանակցությունները առանց արդյունքները հրապարակելու
ՄիջազգայինԿորեայի հանրապետությունը (ԿՀ) եւ ԿԺԴՀ-ն դեկտեմբերի 12-ին ավարտել են երկկողմանի հարաբերությունների կարգավորման բարձր մակարդակով բանակցությունները, որոնք դեկտեմբերի 11-ին էին սկսվել Քեսոն քաղաքում: Բայց որեւէ ամփոփիչ արդյունք չի հրապարակվել: Կողմերը չեն որոշել նաեւ խորհրդակցությունների նոր ժամկետ, հայտնում է հարավկորեական «Ռենխափ» գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցել է ԿՀ միավորման գործերով փոխնախարար Խվան Բու Գին ու Կորեայի խաղաղ միավորման հանձնաժողովի քարտուղարության փոխտնօրեն Չժոն Սուն:
Դեկտեմբերի 11-ին առավոտից սկսվել է երկխոսությունը ու շարունակվել մինչեւ ուշ երեկո: Հանդիպման արդյունքներով Միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «կողմերը համապարփակ քննարկել են արդիական խնդիրները ու տեսակետների լուրջ փոխանակություն արել»:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, քննարկված խնդիրների շրջանակը կարող էր ներառել Կըմգանսանում զբոսաշրջային համալիրի աշխատանքների վերականգնումը, Փհենյանի նկատմամբ Սեուլի ներդրած պատժամիջոցների չեղարկումը, բաժանված ընտանիքների անդամների կանոնավոր հանդիպումների կազմակերպումը եւ այլն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սույն թվականի օգոստոսին ԿԺԴՀ կողմից հարավկորեական տարածքի գնդակոծությունից հետո թերակղզում իրավիճակը կտրուկ սրվել էր: