Իրաքը Թուրքիայի դեմ բողոք է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին. Էրդողանն արդեն արձագանքել է՝ այն անվանելով «անարդար քայլ»
ՄիջազգայինTert.am-ը գրում է .
Իրաքի բողոքը թուրքական զինուժի գործողությունների վերաբերյալ ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, գրում է Лента-ն: Նամակում Բաղդադը խնդրում է անհապաղ հասնել նրան, որպեսզի Թուրքիայի զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից: Իրաքում դա որակում են որպես ՄԱԿ-ի Կանոնադրության «կոպիտ խախտում»:
Պաշտոնական դիմումի ստացումը հաստատել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, ով այս ամիս կատարում է ԱԽ-ի նախագահի պարտականությունները։
Փաստաթղթում Բաղդադը խնդրում է «պահանջել, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը», ինչպես նաև «այսուհետ չխախտի Իրաքի ինքնիշխանությունը»:
«Դա դիտարկվում է որպես ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների կոպիտ ոտնահարում, ինչպես նաև Իրաքի տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության խախտում»,- ասվում է Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալի ալ-Խակիմի նամակում:
Փաուերի խոսքով` իրաքցի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում նա չի խնդրել ԱԽ-ի հրատապ նիստ հրավիրել` թուրքական ներխուժման հարցը քննարկելու համար:
Բաղդադի այս քայլին արդեն արձագանքել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքի այդ բողոքն «անարդար քայլ» է անվանել:
«Նրանք կարող են դիմել ՄԱԿ-ին, նրանք ունեն այդ իրավունքը, սակայն դա անարդար քայլ է»,- ասել է թուրք նախագահը։
Իրաքյան իշխանությունների համաձայն՝ դեկտեմբերի 4-ին Թուրքիան տանկային գումարտակ է մտցրել Իրաքի Նայնավա նահանգ՝ տեղի քրդական ջոկատներին մարզելու անվան տակ։