Ադրբեջանում ենթասպան «անզգուշությամբ» սպանել է զինվորին
ՄիջազգայինԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է զինված ուժերում զինծառայողի անզգուշությունից զոհվելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az լրատվական կայքը, նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղեկայված զորամասում ենթասպա Ջեյհուն Ֆարհարդդին օղլու Ահմեդովն «անզգուշությամբ» հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Աղաբալա օղլու Գուլիևին: Նշվում է, որ փաստի առնչությամբ քեական գործ է հարուցվել:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է նաև զինված ուժերում ավագ լեյտենանտ Աբդուլլա Մոլլա օղլու Մոլլաևի զոհվելու մասին: Ադրբեջանական ԶԼՄ-ները լուսանկարներ են հրապարակել ավագ լեյտենանտի հուղարկավորության արարողությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջի օգտատերերից մեկը գրել է, որ ադրբեջանական բանակում դեկտեմբերի 6-ին 2 զոհ է եղել, ևս մեկ զինծառայողի ոտքն անդամահատել են:
Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաև ոչ պաշտոնական աղբյուրների և սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն' տարվա սկզբից մինչև այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 138 զինծառայող և 147-ից ավելի վիրավոր, սակայն, Ադրբեջանի ՊՆ-ը պաշտոնապես խոստովանել է միայն 41 զինծառայողների մահը: