Բունդեսթագում կայացել է Գերմանա-հայկական ֆորումի հիմնադրման արարողությունը
ՄիջազգայինԳերմանիայի Բունդեսթագում մայիսի 20-ին տեղի է ունեցել Գերմանա-հայկական ֆորումի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Գերմանա-հայկական ֆորումի նպատակը հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերի ընդլայնումն ու խթանումն է: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառման սկզբում ընտրվել է ֆորումի կանոնադրությունը: Կազմակերպության նախագահ է ընտրվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, փոխնախագահ` Բունդեսթագի պատգամավոր Քարսթեն Քյորբերը: Ֆորումի վարչության անդամներ են ընտրվել ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիթը, Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ Էքարթ Շթրաթենշուլթեն, իրավաբան Էրիկ Ֆոգթը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Արտակ Դավթյանը, Աշոտ Սմբատյանը, Ալբերտ Վայլերը: