Դրամի արժեզրկումը շարունակվում է
Ուշադրության կենտրոնումԹեև տնտեսագետների կանխատեսումների համաձայն պատերազմից անմիջապես հետո դրամի կտրուկ արժեզրկումը ժամանակավոր բնույթ պետք է կրեր, քանի որ, ըստ մասնագետների, այն խուճապային տրամադրությյունների հետևանք էր, սակայն, կյանքը ցույց տվեց, որ այն որոշ ժամանակ կանգ առնելուց հետո սկսվեց շարունակվել:
Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 10-ի դրությամբ սահմանված 1 դոլարի փոխարժեքը մեկ օրում աճել է 1,35 դրամով` կազմելով 515,48 դրամ, 1 եվրոյի փոխարժեքն աճել է 1,23 դրամով` հասնելով 624,97 դրամի, սակայն տարադրամի փոխանակման կետերում արտարժույթի փոխարժեքը դոլարի առքի դեպքում տատանվում է 515-ից 517 դրամի սահմաններում , իսկ եվրոյի դեպքում՝ 621-ից 626 դրամի սահմաններում:
Դրամի արժեզրկման հնարավոր սցենարների մասին հարցին ի պատասխան` ԿԲ-ից pressmedia.am-ին տեղեկացրեցին, որ ողջ աշխարհում այս պահին տեղի է ունենում դոլարի արժևորման գործընթաց, ինչ էլ անդրադառնում է հայկական շուկայի վրա: Մյուս կողմից` հաշվի առնելով Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակը, այս պահին ԿԲ-ն առաջնորդվում է գների և ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ, որը կանխատեսելիի տիրույթում է: Այն դեպքում, երբ արտարժույթի տատանումները սկսեն ռիսկեր առաջացնել գների կայունության վրա, ԿԲ-ն իր ողջ գործիքակազմը կներդնի երկրում ֆինանսական կայությունունը պահպանելու համար:
Անի Սիմոնյան