Տարբեր երկրների կին առաջնորդները կմասնակցեն Կանանց եվրասիական համաժողովին
ՀասարակությունԿանանց եվրասիական համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների կին առաջնորդներ, տեղի կունենա սեպտեմբերի 24-25-ին Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին համաժողովի կազմկոմիտեի նիստի ընթացքում հայտնել Է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կարելովան, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Մենք առաջարկել ենք, եւ այսօր այդ գաղափարն արդեն պաշտպանություն Է գտել, որ համաժողովին կմասնակցեն ԱՊՀ-ի երկրների խորհրդարանների պատգամավորներ, գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, կին նահանգապետեր, արտակարգ եւ լիազոր դեսպաններ, ընկերությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների եւ ֆոնդերի, բարեգործական ծրագրերի, գիտական կազմակերպությունների ղեկավարներ՝ կանայք, որոնք հեղինակություն ունեն»,-հայտնել Է Կարելովան:
Նա հավելել Է, որ հրավերներ են ուղարկվել նաեւ հեռավոր արտասահմանի երկրների կին առաջնորդներին: Համաժողովի աշխատանքին մասնակցելու են հրավիրված 250 կին՝ Ռուսաստանից եւ 184 ներկայացուցչուհիներ այլ երկրներից:
Համաժողովի շրջանակներում պլանավորվում Է քննարկել ժամանակակից հասարակության զարգացման հարցերի լայն շրջանակ: «Կանայք ժամանակակից աշխարհում. համագործակցության նոր հորիզոններ» լիագումար նիստը կբացի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Համաժողովի ընթացքում տեղի կունենան բանավեճեր եւ կլոր սեղաններ՝ նվիրված միջազգային հիմնախնդիրներին, տնտեսությանը, առողջապահությանը, բարեգործությանն ու հումանիտար նախագծերին, զանգվածային լրատվամիջոցներին:
Կարելովայի խոսքով՝ հետագայում համաժողովը պլանավորվում Է անցկացնել երեք տարին մեկ: «Հեռանկարում Կանանց եվրասիական համաժողովը կոչված Է լայնորեն ճանաչված միջազգային հարթակ դառնալ հրատապ հարցերի քննարկման համար»,-ասել Է նա: