Արման Թաթոյանը և Զոհրաբ Մնացականյանը կոչ են անում հապաղելու փոխարեն՝ գործել
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հայտարարել է, որ վերհանել են ադրբեջանցի միջազգային աշխատողների խողմից ատելություն տարածելու մասին վկայություններ։ «Մենք դրանք հավաքագրել ենք և ուղարկելու ենք միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի իմանան, թե ինչի մասին է խոսքը, որպեսզի պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկեն»,- ասել է Ա. Թաթոյանը։ Մյուս կողմից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԽ նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանի ժամանակ նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա։ Նա նշել է նաև, որ Հայաստանը կիսում է Եվրոպայի խորհրդի տեսլականը, համաձան որի Կոնվենցիան պետք է պաշտպանի բոլոր եվրոպացիներին՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից, որը սակայն, ցավոք, դա այդպես չէ։ «Ադրբեջանի զինված ուժերի և իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։ Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես ահազանգել է գլխավոր քարտուղարը։ «Մենք կիսում ենք գնահատականները, հայտարարությունները: Սակայն հայտարարություններն այլևս բավարար չեն: Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա։ Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանն այժմ խախտել է այդ հանձնառությունը: Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք: Հակառակը՝ ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական և արժեքահամակարգի ճգնաժամը»,- նշել է ԱԳ նախարարը։
Սերինե Բադալյան