Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է. Մնացականյանը՝ Լավրովին (ֆոտո)
ՔաղաքականությունԻ շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների եւ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության եւ կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։
Բարձր գնահատելով Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի եւ իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետեւանքով։
Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ եւ հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
