Հարավային Կորեան խորտակված «Սեւոլ» լաստանավը բարձրացնելու հայտամրցույթ է հայտարարել
ՄիջազգայինԿորեայի Հանրապետությունն անցյալ տարի խորտակված «Սեւոլ» լաստանավը բարձրացնելու հայտամրցույթ է հայտարարել: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել է երկրի կառավարությունը:
«Մրցույթին, որը կմեկնարկի մայիսի 22-ին, կարող են մասնակցել նմանօրինակ գործողություններ անցկացնելու փորձ ունեցող ընկերություններ»,- նշվում է ծովային գործերի եւ ձկնորսության ազգային նախարարության հաղորդագրության մեջ:
Հաղթողին պետք է որոշեն եւ նրա հետ պարտավորագիր ստորագրեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Նրան հարկ կլինի ծովի հատակից 6,83 հազար տոննա տարողությամբ լաստանավը բարձրացնել այնպես, որ կանխվի դրա տրոհումը եւ վառելիքի արտահոսքը: Բացի այդ, ինչպես ենթադրվում է, նավում պետք է գտնվեն աղետի առնվազն եւս 9 զոհերի մարմինները:
Ենթադրվում է, որ աշխատանքների արժեքը կկազմի 100-250 մլրդ վոն (90-230 մլն դոլար):
Լաստանավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին Ինչհոն նավահանգստից Չեջուդո առողջարանային կղզի ընթանալու ճանապարհին: Աղետի հետեւանքով զոհվել է առնվազն 304 մարդ՝ հիմնականում դպրոցականներ եւ ուսանողներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: