Ռուսաստանը Ղարաբաղում հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի՞. Պարզաբանում է Պուտինի խոսնակը
Ուշադրության կենտրոնումԼեռնային Ղարաբաղում սիրիացի ահաբեկիչների ներկայությունը լուրջ անհանգստության պատճառ է Կրեմլի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հակամարտության գոտում սիրիացի ահաբեկիչների ներկայության փաստը հաստատել էր նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Իր հերթին ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով Մերձավոր Արևելքից հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
«Այս օրերին հակամարտության գոտում գրոհայինների ներկայությունը մեծ վտանգ է ներկայացնում ու հանդիսանում է լուրջ անհանգստության առիթ Ռուսաստանի համար, ինչի մասին մենք ասել ենք»,-հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք Ռուսաստանը Ղարաբաղում, Սիրիայի օրինակով, հակաահաբեկչական օպերացիա իրականացնել:
Պեսկովը նշել է, որ ինքը որևէ ինֆորմացիա չունի Ռուսաստանի կողմից գրոհայինների նկատմամբ որևէ հակազդող գործողություն անելու մասով:
«Այս պահին ես որևէ ինֆորմացիա չունեմ»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ կարող է արդյո՞ք Ռուսաստանի անհանգստությունը դրսևորվել կոնկրետ հակազդող քայլերով: