Չինաստանում ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել տեղատարափ անձրեւներից
ՄիջազգայինՉինաստանի արեւելյան, հարավային ու կենտրոնական շրջաններում ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել տեղատարափ անձրեւներից, որոնք շարունակվում են մայիսի 16-ից: Զոհվել է 15 մարդ, անհայտ կորած են համարվում յոթը: Այդ մասին մայիսի 21-ին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Մասնավորապես, Ցզյանսիի նահանգում զոհվել է ութ մարդ, տարահանվել՝ 65 հազար բնակիչ: Ջրի հորձանքից ավերվել է 1655 տուն: Նահանգի ուղղակի տնտեսական վնասը կազմել է 450 մլն յուան (73 մլն դոլար): Մեյչուանցզյան գետի վարարումը խոշորագույնն է ճանաչվել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Գանչժոու քաղաքում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 220 հազար տուն:
Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն՝ անբարենպաստ եղանակը կշարունակվի առնվազն մինչեւ մայիսի 22-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: