ԻՊ-ի ներխուժումից հետո սիրիական Թադմուր քաղաքի բնակչությունը տարհանվել է
ՄիջազգայինԿառավարական ուժերը մայիսի 20-ին նահանջել են Թադմուր (Պալմիրա) հնագույն քաղաքից այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» մեծ թվով ահաբեկիչներ մտել են քաղաքի թաղամասեր: Նրանց հաջողվել է քաղաք մտել սիրիական բանակի հետ թեժ մարտերից հետո: Այս մասին հայտարարել է սիրիական պետական հեռուստատեսությունը` նաև տեղեկացնելով, որ քաղաքի բնակիչների մեծ մասը տարհանվել է բանակի նահանջելուց հետո: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, քաղաքից դուրս են բերվել նաև արժեքավոր արձանները:
ԻՊ-ն վերահսկում է գրեթե ամբողջ քաղաքը: Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները չեն ներխուժել Թադմուրի բանտ և ռազմական հետախուզության նստավայր: Մինչ այդ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել էր, որ թեժ մարտեր են ընթանում Թադմուրի հյուսիսային հատվածներում, և սիրիական ուժերը կանխել են ԻՊ-ի ներխուժումը մնացած թաղամասեր:
Հնությունների և թանգարանների վարչության պետ Մաամուն Աբդ ալ Քերիմն ավելի վաղ դիմել էր Սիրիայի օդային ուժերին և միջազգային հանրությանը` կոչ անելով պահպանել «սիրիական անապատի մարգարիտը»: Մտավախություն կա, որ հնագույն Թադմուր քաղաքի ավերակները ահաբեկիչների հերթական զոհը դառնան:
Թադմուր քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 204 կմ հեռավորության վրա: