Վաշինգտոնը ակտիվացնում է միջնորդական ջանքերը
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերին` տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հարցը քննարկելու համար: «Մենք ուզում ենք թուրքական կողմի հետ քննարկել այդ հարցը», – թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, հավելելով. – «Մենք կարող ենք նվազեցնել լարվածությունը»: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
Հաղորդվում է, որ դեսպան Ռիկերն արդեն ժամանել է Անկարա, հանդիպել նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընին, առաջիկա երկու օրերին էլ բանակցելու է Թուրքիայի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ: Մինչ նրա այցը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ էր արել կողմերին հրադադար հաստատել, ինչպես նաև դատապարտել երրորդ ուժերի միջամտությունը: