Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակը կպահպանվի ևս առնվազն մեկ շաբաթ
Ուշադրության կենտրոնումԲելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելում և նրա արվարձաններում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակը կպահպանվի ևս առնվազն մեկ շաբաթ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միշելն ասել է, որ Բելգիայում մեծ է այնպիսի հարձակումների կատարման վտանգը, որպիսիք նոյեմբերի 13-ին տեղի ունեցան Փարիզում: Դրա հետ մեկտեղ դպրոցականները ուսումնական պարապմունքներ կվերսկսեն նոյեմբերի 25-ին, նույն օրը աշխատանքը կվերսկսի Բրյուսելի մետրոն:
«Մենք հավաստում ենք սպառնալիքի չորրորդ մակարդակը, հետևաբար քաղաքում կկրճատվի հանրային միջոցառումների թիվը, որպեսզի ապահովվի մեր քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև, որպեսզի ազատվեն ոստիկանական այն ռեսուրսները, որոնք կկարողանան ներկա լինել այն վայրերում, որոնք պաշտպանության կարիք ունեն»,- հավելել է Միշելը:
Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններին մեղսակցության մեջ կասկածվող չորրորդ մարդուն: Մեղադրվողը ձերբակալվել էր լույս նոյեմբերի 23-ի գիշերը բելգիական ոստիկանության հատուկ գործողության ընթացքում: Ներկայում նա կալանքի տակ է, հայտնել է դատախազության ներկայացուցիչը:
Մինչ այժմ չի հաջողվել գտնել Սալահ Աբդեսլամին՝ Փարիզում կատարված հարձակումների հիմնական կասկածյալին, որոնց հետևանքով 130 մարդ է զոհվել: