Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը
Մշակույթ«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն ավարտվել է սեպեմեբերի 1-ին՝ «Ֆրեսկո» 2020-ի լավագույն լիամետրաժ ֆիլմ մրցանակին արժանացած Աննա Հարությունյանի «Անիկո» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ:
Դիտում-քննարկմանը մասնակցել է ռեժիսորը, ով ներկայացրել է ֆիլմը և վերջում պատասխանել արվեստասերների հարցերին։
Աննա Հարությունյանը նշել է, որ ֆիլմը ինքնակենսագրական բնույթ ունի և հաճելի է, որ փառատոնի շրջանակում «Անիկո» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել իր ծննդավայր Տավուշում:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետև օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է երևանյան ծրագիրը։ Երևանյան համերգային ծրագիրը ևս հագեցած է եղել՝ օգոստոսի 28-ին անց է կացվել Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը, օգոստոսի 30-ին՝ «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգը: