Լրանում է Մարիա Մոնտեսսորիի ծննդյան 150-ամյակը
Մշակույթ2020 թվականի օգոստոսի 31-ին լրանում է դոկտոր Մարիա Մոնտեսսորիի ծննդյան 150-ամյակը: Մարիա Մոնտեսսորին նորարար, գիտնական և մանկավարժ էր, ով ոգեշնչում էր ամբողջ աշխարհի մարդկանց՝ երեխաների զարգացման իր իսկապես համընդհանուր և յուրահատուկ մոտեցմամբ: Նա ժամանակից առաջ էր անցել իր հետազոտությունների, կրթական մոտեցման և սոցիալական բարեփոխումների վերաբերյալ հիմնարար աշխատանքներով: Ավելի քան 110 տարի աշխարհի 140 երկրներում և արդեն 3 տարի Հայաստանում կիրառվում է Մոնտեսսորի կրթությունը։ Այսօր ամբողջ աշխարհում կազմակերպվել են Մոնտեսսորիին նվիրված տարբեր միջոցառումներ: Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիան նույնպես մեծ ոգևորությամբ նշում է այս գեղեցիկ օրը: Ասոցիացիայի բակում կազմակերպվել է փոքրիկ միջոցառում՝ 《Վիլլա Մոնտեսսորի》 կենտրոնի երեխաների, նրանց ծնողների և Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Ի հիշատակ մեծանուն մանկավարժի բակի կանաչապատ այգում տնկվել է 150 կակաչ և կազմակերպվել է փոքրիկ հյուրասիրություն։