Պուտինն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է Բելառուսի դեպքերը
ՄիջազգայինՌուսաստանն իրեն ավելի զուսպ ու չեզոք է պահում Բելառուսի հետ կապված իրավիճակում, քան եվրոպացիներն ու ամերիկացիները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Լենտան:
Նրա խոսքով, Բելառուսում տեղի ունեցող գործընթացների վրա ցանկանում են ազդել դրսից՝ հանուն որոշակի քաղաքական շահերի: Երկրի ղեկավարը հույս է հայտնել հարևան երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցում: Նա կարծում է, որ իրավիճակն արդեն հարթվում է:
Պուտինը նաև ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանի Դաշնությունն իրավապահ մարմինների աշխատակցիներից ռեզերվ է ստեղծել, սակայն այն դեռևս չի նախատեսվում օգտագործել:
Մեկնաբանելով Բելառուսի իրավապահ մարմինների գործողությունները՝ ՌԴ նախագահը նշել է, որ նրանք իրենց բավականին զուսպ են պահում:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, որում հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր: Ցուցարարները պահանջում են արդար ընտրություններ: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն մեղադրում է արևմտյան ուժերին բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ։
