ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են, թե A321 ռուսական օդանավի որ նստատեղի տակ է տեղադրված եղել ռումբը
ՄիջազգայինՌԴ քննիչներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները կարողացել են պարզել, թե Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավի որ նստատեղի տակ է տեղադրված եղել ռումբը, որի պայթյունը ոչնչացրել էր Airbus A321 ռուսական օդանավը։
Դա հնարավոր է եղել պարզել օդանավի մնացորդների և ուղևորների մարմինների քիմիական և այլ հատուկ փորձագիտությունների արդյունքում։ Ինչպես հայտնում է LifeNews-ը, առաջնային տարբերակի համաձայն՝ պայթյունը հնչել է օդանավի 30-31-րդ շարքերի միջև։
Աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև 1 կգ տրոտիլ հզորությամբ ռումբը պայթել է 30A կամ 31A նստատեղերի հատվածում: Ընդ որում պայթյունի ալիքը տարածվել է դեպի քթամաս և հասել մինչեւ 27-րդ շարք: Պոչամասում պայթյունի ալիքը տարածվել է մինչև 32-րդ շարք:
Մասնագետները նշում են, որ ուղևորները, որոնք նստած են եղել այնտեղ, որտեղ տեղադրված է եղել ռումբը, մահացել են ակնթարթորեն: 31А տեղում նստած է եղել Սանկտ Պետերբուրգի 78-ամյա բնակիչ Նադեժդա Բ.-ն, իսկ նրա դիմաց՝ 30A-ում, 15-ամյա Մաշա Ա.-ն: