Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում
ՎերլուծությունՈստիկանության օրը իշխանությունները որոշել են գերազանցել բոլորին՝ Հայաստանը դեպի բռնապետություն քարշ տալու իրենց ձգտումներում։ Նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ձերբակալված ժամանակ։
Ազգային ժողովի երկու պատգամավորներ և Սամվել Վարդանյանի փաստաբանները հայտնել են, որ Վարդանյանին ոստիկանները տեղափոխելիս են եղել ՁՊՎ և ճանապարհին կանգնեցրել են մեքենան, ասել, թե ինչ-որ տեղ են գնում անձնական կարիքները հոգալու, ու երիտասարդին մենակ են թողել։ Այդ ժամանակ դիմակավորված 3-4 անձինք հարձակվել, դաժանաբար ծեծել, թքել, խոշտանգել և հայհոյել են ձերբակալվածին։
Միայն այդ խոշտանգումներից հետո ոստիկանները բարեհաճել են վերադառնալ ու չքմեղանալ՝ իբր ոչինչ տեղի չի ունեցել։ Ավելին, սպառնացել են Սամվել Վարդանյանին, որ դեպքի մասին որևէ մեկի չհայտնի, հակառակ դեպքում ավելի վատ հետևանքներ կլինեն։ Երիտասարդը, սակայն, հայտնել է թե՜ փաստաբաններին, թե՜ պատգամավորներին։ Փաստորեն, հերթական անգամ ապացուցվում է այն պարզ ճշմարտությունը, որ Փաշինյանը գնում է դեպի էժան բռնապետություն։
Չկարողանալով դրսում ինքնառեալիզացվել և Հայաստանի անվտանգությունը հանձնելով Թուրքիային ու Ադրբեջանին, ներսում իշխանությունը պահելու միայն մեկ տարբերակ ունի՝ ամեն գնով վերածվել դիկտատուրայի, ինչին էլ ձգտում է, իսկ ձերբակալված անձին այսպիսի սցենարով դաժանաբար ծեծելը Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամն է։
Ի դեպ, նախօրեին, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, թե «Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը չէ, որ պետք է գնահատի՝ Հայաստանը ժողովրդավար է, թե՝ ոչ։
«Հայաստանն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունն ամրացնելու վրա»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։ Թե ինչպե՞ս է ամենօրյա ռեժիմով ամրապնդում իր ժողովրդավարությունը, պարզ տեսնում ենք ընդամենը մեկ դրվագով։
Նոնա Վերանյան